14 06 2021

Պահն օրհասական է, մարտահրավերները` վտանգավոր․ Կարեն Կարապետյանը սատարում է Ռոբերտ Քոչարյանին

Պահն օրհասական է, մարտահրավերները` վտանգավոր․ Կարեն Կարապետյանը սատարում է Ռոբերտ Քոչարյանին

2021թ. հունիսի 20-ին նախատեսված խորհրդարանական ընտրությունները չափազանց կարևոր են Հայաստանի ապագայի համար:  Պատերազմի հետևանքով մեր երկիրը հայտնվել է խորը ճգնաժամի մեջ, որի ընթացքը կասեցնելն այսօր հրատապ է։

Պետք է փաստել, որ`

✓ բանակի մարտունակությունն էապես նվազել է,  խարխլված է  Հայաստանի ու Արցախի անվտանգության ողջ համակարգը, 

✓ ավելացել են լրջագույն սոցիալական խնդիրներ, որոնք պահանջում են բոլոր հնարավոր ռեսուրսների մոբիլիզացիա,

✓ հասարակությունում առկա ներքին պառակտվածությունը, գրգռվածությունը, ապատիան ու պասիվությունը քայքայիչ ազդեցություն ունեն հասարակության ու պետության զարգացման վրա,

✓ առկա է պետության դերի աղավաղում, քաղաքական դիսկուրսը իջեցված է կենցաղային մակարդակի, պետական համակարգը գործում է իմպուլսիվ և ոչ համակարգային,

✓ ունենք սփյուռքի հետ հարաբերությունների, արժեքային համակարգի և ազգային գաղափարախոսության ճգնաժամ,

✓ բազմաթիվ այլ խնդիրներ:

Պահն օրհասական է, մարտահրավերները` բազմաշերտ ու վտանգավոր, իսկ լուծումները` սահմանափակ ու բարձր պրոֆեսիոնալիզմ պահանջող: 

Պետք է`

  • արագորեն վերականգնել մեր անվտանգության համակարգը,
  • մեր երկրում ու տներում հաստատել հանդուրժողականություն և հանգստություն,
  • արտաքին քաղաքական հարաբերություններում ունենալ կանխատեսելի և վստահելի գործընկերոջ համբավ,
  • իրականացնել արդյունավետ հակաճգնաժամային քայլեր` բարեկեցիկ կյանքի նախադրյալներ ստեղծելու համար,  
  • վերագործարկել պետական արդյունավետ կառավարման համակարգը,
  • վերանայել սփյուռքի հետ հարաբերությունները` լոկ օգնողից այն վերածելով լիարժեք գործընկերոջ ու հայկական շահի լոբբիստական կենտրոնի:

Մեր այսօրվա իրականությունն ականապատված դաշտ է, որով երկիրը պետք է անցնի։

Շրջանցելու հնարավորություն գոյություն չունի։  

Անհրաժեշտ է այդ ճանապարհը անցնել հնարավորինս արդյունավետ ու նվազագույն կորուստներով: 

Անհրաժեշտ է գիտակցել յուրաքանչյուր սխալի գինը և արկածախնդրության գնալու անթույլատրելիությունը։

Դա կարող է ապահովել Ռոբերտ Քոչարյանը։ Պետական պաշտոններ զբաղեցնելու ընթացքում, ինչպես նաև մրցակցային ու բազմամշակույթ գործարար  միջավայրում կուտակած փորձի և ղեկավարին անհրաժեշտ անհատական ու կառավարչական հատկանիշների համադրությունը նրան թույլ են տալիս պրոֆեսիոնալ թիմ ձևավորելով երկիրը հանել ճգնաժամից և տանել դեպի բարեկեցիկ ապագա։ 

Նա կստեղծի միջավայր, որտեղ առավելագույնս կիրացվի մեր հասարակությունում առկա պոտենցիալը և կունենանք ազգային, ժամանակակից, ռացիոնալ և արդյունավետ պետություն։

Առաջարկում եմ անպայման գնալ քվեարկության, մեկ անգամ ևս սթափ մտածել` ինչ իրավիճակում ենք գտնվում, ինչպիսի մարտահրավերներ ունենք և որն է այն թիմը, որը կարող է դիմակայել դրանց` երկիրը տանելով զարգացման։ 

Խաղաղություն ու տրամաբանություն մեր երկրին, բոլորիդ լավ տրամադրություն` որքանով այն հնարավոր է այսօրվա իրավիճակում: 

Կարեն Կարապետյան

ՀՀ նախկին վարչապետ

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ